Ուրցաձորի էկո-կրթական կենտրոն

Աջակից` ԳԷՀՓԴԾ

Ծրագրի հիմնական առանցքը Ուրցաձոր գյուղում (Արարատի մարզ)  Էկո-կրթական կենտրոնի կառուցումն է:  Գյուղը,  ինչպես նաև համայնքը, գտնվում են “Խոսրովի անտառ” պետական արգելոցի անմիջական հարևանությամբ: Ուրցաձոր Էկո –կրթական կենտրոնի նպատակն է տեղական բնակչության կարողությունների ամրապնդումը` հիմնված բնական ռեսուրսների  կայուն օգտագործման վրա:  Բացի դրանից, գյուղում աշխատատեղերի բացակայության հետևանքով ավելացել է արտագաղթը, իսկ էկո-կրթական կենտրոնը տեղի բնակիչների համար ապահովելու է եկամտի նոր աղբյուրներ հայթայթելու վերաբերյալ դասընթացներ`  հիմնված  “կանաչ” մոտեցումների վրա (մասնավորապես էկոտուրիզմ, գիդ-էքսկուրսավարի դասընթացներ, կայուն գյուղատնտեսություն, բնական ռեսուրսների կայուն օգտագործում և այլն): Ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում նախատեսում է ներգրավել ամբողջ համայնքը տարածքի պահպանության գործում: 

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղական համայնքի տարածքում էկո-կրթական կենտրոնի ստեղծումն է: Չնայած այս համայնքային տարածքները օժտված են հարուստ կենսաբազմազանությամբ և արգելոցի համար ծառայում են որպես բուֆերային գոտի, այսօր տեղի բուսական ու կենդանական աշխարհը  վտանգված է` անտրոպոգեն բացասական ազդեցության հետևանքով:

Բազմաթիվ կենդանիների համար այս տարածքը ծառայում է  որպես կարևոր միգրացիոն ուղի, իսկ որոշների համար` նաև որպես բնակավայր: Էկո-կրթական կենտրոնի նպատակն է նպաստել տեղի բնակչության կարողությունների զարգացմանը` տեղանքի բնական ռեսուրսների կայուն օգտագործման միջոցով, ինչը կիրականացվի բնապահպանական դասընթացների կազմակերպման միջոցով:

Ծրագրի թիրախային խմբից կանայք կսովորեն առանց շրջակա միջավայրը վնասելու հավաքել խոտաբույսեր, սնկեր, մրգեր, ինչպես նաև տարբերակել հազվագյուտ տեսակներն ու ծանոթանալ դրանց կիրառման հնարավորություններին: Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար կկազմակերպվեն կայուն գյուղատնտեսությանն ուղղված դասընթացներ (թունաքիմիկատների ճիշտ կիրառում, բերքահավաքի տեխնոլոգիաներ և այլն), իսկ դպրոցահասակների համար` բնապահպանական դասընթացներ:

Ավելին` էկո-կրթական կենտրոնը կծառայի որպես գիտական ​​ուսումնասիրությունների կենտրոն` համագործակցելով տեղի, ինչպես նաև միջազգային այլ համալսարանների, գիտական կառույցների և անհատների հետ: Սա հնարավորություն կընձեռի իրականացնել կենսաբազմազանության դիտարկումներ, վերլուծություններ, ինչպես նաև բացահայտել տեղանքի հազվագյուտ տեսակներն ու միջոցառումներ իրականացնել դրանց պահպանման ուղղությամբ: Դաշտային ուսումնասիրությունների նպատակով գիտնականներին, բուհերի ուսանողներին, կենսաբանության, բնապահպանության, կենդանաբանության, բուսաբանության և այլ ոլորտների գիտության թեկնածուներին կամ գիտական աստիճանի հավակնորդներին կենտրոնը կտրամադրի համապատասխան հարմարություններ` իրենց աշխատանքների իրականացման համար:

 Երկարաժամկետ հեռանկարում ծրագրի հիմնական նպատակն է  ամբողջ համայնքի բնակչությանը ներգրավել համայնքի զարգացման և կենսաբազմազանության պահպանման մեջ:  Ավելին>>

Apply for scientific research at Caucasus Wildlife Refuge