Ապրիլի 20-ին Արմեինա-Մարիոթ հյուրանոցի Աշոտ Երկաթ սրահում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը լրագրողներին ներկայացրեց “Երիրի օրվա” շրջանակներում իրականացվող միջոցառումները: Ասուլիսին ներկա էին նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ովքեր իրենց հերթին ներկայացրեցին հիմնադրամի հետ իրականացվող համատեղ ծրագրերը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ Հայաստանում նախաձեռնում է «Կանաչ սերունդ- 2010» քարոզարշավը:
Հիմնադրամը Վաշինգտոնում գործող «Երկրի օր» միջազգային ցանցի պաշտոնական գործընկերն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ինչպես ամեն տարի, 2010 թ.-ին ևս Հիմնադրամը կազմակերպում է Երկրի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ` որպես Երկրի օրվա 40-րդ տարեդարձին նվիրված համաշխարհային տոնակատարությունների մի մաս: «Երկրի օր» միջազգային ցանցը իր 40-րդ տարեդարձի տոնակատարությունների բոլոր մասնակիցներին կոչ է արել համախմբվել «Կանաչ սերունդ» կարգախոսի ներքո:
Հիմնադրամի կողմից իրականացվող «Երկրի օր- 2010» ծրագրի հիմնական նպատակը հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է Հայաստանում գոյություն ունեցող շրջակա միջավայրի և բնապահպանական խնդիրների շուրջ:
Հայաստանի մարզերում ապրիլ ամսվա սկզբից անցկացվել են աղբահավաքի աշխատանքներ և ծառատունկեր ` հիմնադրամի աշխատակիցների, “Արևորդի” էկո- ակումբների սաների, կամավորների, ՀՀ-ում տարբեր դեսպանություննների, միջազգային և տեղական կառույցների աշխատակիցների մասնակցությամբ: Արդեն իսկ կայացել են ծառատունկեր Գառնի-Գողթում, Նորատուսում, Ուրցաձորում, Եղեգնաձորում, Վանաձորում, Երևանում:
“Կանաչ սերունդ” քարոզարշավի շրջանակներում է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ապրիլի 17-ին Վանաձորում մեկնարկած “Կանաչ դպրոց” ծրագիրը: Ծրագրի նպատակն է համախմբել բազմաթիվ դպրոցականների` նրանց հնարավորություն ընձեռելով դրսևորվելու որպես առողջ ապրելակերպի կողմնակից և նախաձեռնող սերունդ: Մինչև հունիս Վանաձորի թիվ 10 դպրոցի աշակերտները պլաստիկ շշեր և օգտագործված թուղթ կհավաքեն տարբեր կառույցներից և կհանձնեն “Արևորդի” էկո- ակումբին, որն էլ իր հերթին թափոնը կհանձնի վերամշակման ընկերություն: Թափոնի դիմաց ստացված գումարով դպրոցը ձեռք կբերի տնկիներ` դպրոցի հարակից տարածքը կանաչապատելու համար: Համեմատաբար մեծ քանակությամբ թափոն հավաքած աշակերտները կարժանանան Հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր մրցանակներին: Ծրագրի ամփոփումը կկայանա հունիս ամսին: Հիմնադրամը հույս ունի “Կանաչ Դպրոցը” դարձնել շարունակական ծրագիր` Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին ևս մասնակցության հնարավորություն ընձեռելով:
Ապրիլի 17-ին Վանաձորի կենտրոնական հրապարակում կայացավ ծառատունկ` ՀՀ-ում ԱՄՆ, Իտալիայի, Գերմանիայի դեսպանությունների ներկայացուցիչների, Վանաձորի քաղաքապետի, Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ), Հիմնադրամի աշխատակազմի մասնակցությամբ:
“Կանաչ սերունդ” քարոզարշավը համագործակցության նոր եզրեր է հաստատում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Վանաձորի քաղաքապետարանի միջև. այսուհետ ոչ միայն շարունակական կդառնան հիմնադրամի բնապահպանական միջոցառումները Վանաձորում, այլև քաղաքապետարանի աջակցությամբ Վանաձորում կգործի “Արևորդի” էկո-ակումբը` քաղաքապետարանի տրամադրած տարածքում:
Քարոզարշավի շրջանակներում է նաև “Կանաչ Ավտոբուս” ծրագիրը: Այն յուրահատուկ շարժական կինոթատրոն- գրադարան է, որը, շրջելով անգամ Հայաստանի ամենահեռավոր մարզերում, բնակչությանը կտրամադրի էկոգրականություն, ինչպես նաև կցուցադրի բնապահպանական թեմաներով ֆիլմեր, կկազմակերպի քնարկումներ, սեմինարներ: Ծրագրի իրականացմանը մեծապես աջակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
Հայաստանում “Կանաչ սերունդ” քարոզարշավն ընթանում է նաև մեկ այլ հետաքրքիր ձևաչափով. մինչև մայիսի 15-ը մասնակցելով ՎիվաՍել-ՄՏՍ- ընկերության հետ համատեղ կազմակերպվող SMS ակցիային` յուրաքանչյուր մասնակից իր անվանական ծառը կնվիրաբերի ողջ Հայաստանով մեկ պարբերաբար անցկացվող ծառատունկերին: “Տնկիր քո ծառը” խորագրով ակցիան մեկնարկել է ապրիլի 1-ից, և հիմնադրամն արդեն ստացել է հաղորդագրություններ` հարյուրավոր մասնակիցներից: Նվիրատուները հիմնադրամի կայքէջում կարող են տեսնել, թե որ մարզում է տնկված իրենց նվիրաբերած անվանական ծառը:
«Կանաչ սերունդ» քարոզարշավի առանձնահատուկ ծրագրերից մեկը թղթե տոպրակների օգտագործման խրախուսումն է. ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ի և Հիմնադրամի համատեղ ջանքերով արդեն Երևանի որոշ սուպերմարկետներում` մասնավորապես “Ֆրեշ”, “Սթար”, “Զովք”, այսօր արդեն բնության համար մեծ վտանգ հանդիսացող պոլիէթիլենային տոպրակների փոխարեն առաջարկվում է նոր` այլընտրանքային, առավելապես անվտանգ տարբերակ` թղթե տոպրակ: Հիմնադրամը ծրագրի շրջանակներն ընդլայնելու և շրջակա միջավայրի հանդեպ հանրության մեջ պատասխանատու վերաբերմունք ձևավորելու նպատակով հետևողականորեն բանակցում է նաև մի շարք այլ սուպերմարկետների հետ` թղթե տոպրակները մեր առօրյայում առավել հասանելի և կիրառելի դարձնելու համար:
“Երկրի օրվա” շրջանակներում ապրիլի 30-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կկայանա նաև երեխաների` «Ջուր» թեմայով լուսանկարների մրցույթ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում (Ամիրյան 3 հասցեում):