Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամն իր գործունեության առաջին իսկ օրվանից երեխաների հետ շարունակական և ջերմ ընկերություն է սկսել: Մենք աշխատում ենք ոչ միայն երեխաների համար, այլև նրանց հետ միասին, որովհետև խորապես համոզված ենք, որ նրանց համարձակ, անկեղծ և անշահախնդիր վերաբերմունքը ցանկացած գործ առվել նպատակային և արդյունավետ է դարձնում: Երեխաները ոչ միայն մեր հիմնադրամի “ապագան” են , այլև շատ ավելի կոնկրետ` մեր բարեկամն ու գործընկերը, մեր խորհրդատուն, մեր գործունեության հասցեատերը:
Այս տարի Երկրի օրվա շրջանակներում հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացնում է “Կանաչ Դպրոց” ծրագիրը, որի նպատակն է դպրոցահասակ երեխաների մեջ սերմանել առողջ և գիտակից մոտեցում շրջակա միջավայրի հանդեպ: Այն կոչ է բոլոր դպրոցականներին` մասնակցել իրենց միջավայրում բնության դեմ կատարվող սխալ գործողություններին և սեփական վարքով օրինակ ծառայել մյուսների համար:
Վանաձորի թիվ 10 դպրոցի սաները տարբեր կառույցներից իրենց իսկ նախաձեռնությամբ հավաքված պլաստիկե շշեր և օգատգործված թուղթ կհանձնեն տեղի նորաբաց “Արևորդի” էկո-ակումբի, որն էլ իր հերթին թափոնը կհանձնի վերամշակման ընկերություն: Թափոնի դիմաց ստացված գումարով դպրոցը ձեռք կբերի տնկիներ` դպրոցի հարակից տարածքը կանաչապատելու նպատակով: Երեխաների ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար հիմնադրամն ու Վիվասել-ՄՏՍ-ը համեմատաբար մեծ քանակությամբ թափոն հավաքած աշակերտներին կարժանացնեն մրցանակների: Ծրագրի ամփոփումը կկայանա հունիս ամսին: Հիմնադրամը հույս ունի «Կանաչ Դպրոցը» դարձնել շարունակական ծրագիր` Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին ևս մասնակցության հնարավորություն ընձեռելով:
Մենք հավատում ենք, որ ցանակացած երեխա պատասխանատվության զգացումը ձեռք է բերում դեռ մանկուց: Նրան այդպիսին դառնալու համար ընդամենը անհրաժեշտ է ճիշտ առաջադրանք ունենալ: