ԳԼԽԱՎՈՐ
Eng.Հայ.
banner earth day
 
Վերջին նորություննները  Առաջիկա միջոցառումներ    Վերջին վիդեո նյութերը

«Արեւորդի» էկո-ակումբի ֆիլմը «Panda Award»-ի եզրափակչում է հայտնվել

14.06.2010 09:37 վաղեմությունը` 87 օր

Գառնի/Գողթ «Արեւորդի» էկո-ակումբի պատանի անդամների նկարահանած «Էհա» ֆիլմը հայտնվել է «Panda Award» մրցույթի եզրափակիչ փուլում: «Panda Award»-ը վայրի բնությանը եւ շրջակա միջավայրին նվիրված ֆիլմերի բնագավառում ամենահեղինակավոր մրցանակն է: Մրցանակը բաշխվում է «Wildscreen» փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է 2 տարին մեկ Բրիստոլում (Միացյալ Թագավորություն):

«Wildscreen» փառատոնն այս ոլորտում աշխարհում ամենանշանակալի իրադարձությունն է համարվում: Փառատոնի նպատակն է ողջունել ու խրախուսել վարպետությունը եւ պատասխանատու մոտեցումը վայրի բնությանը եւ շրջակա միջավայրին նվիրված ֆիլմերի նկարահանման գործում, որոնք գլոբալ առումով նպաստում են հասարակության կողմից բնության ընկալմանը, ընդգծում դրա պահպանման անհրաժեշտությունը:

«Էհա» ֆիլմը, որին հաջողվել է հայտնվել «Panda Award»-ի եզրափակիչ փուլում, կարճամետրած վավերագրական մի ֆիլմ է, որը պատմում է բնության հետ ներդաշնակության մեջ ապրող մի հովվի մասին: Ֆիլմում պատկերվում է նրա կյանքը Գառնու մոտակայքում գտնվող հեռավոր ու մեկուսի սարերում: Հայաստանի բնության հրաշալի բնապատկերների հետ մեկտեղ տեսախցիկի հետեւում կանգնած երիտասարդ ռեժիսորները նկարահանել են իրենց հերոսի բնակության պայմանները, մանրամասն ներկայացրել վտարանդի մարդու դժվարություններով լի կյանքը: Մի մարդ, ով որոշել է, որ բնությանն ու կենդանիներին մոտ ապրելն ավելի արժեքավոր է, քան այսօրվա նյութապաշտական հասարակության անդամ լինելը:

«Wildscreen» փառատոնին 46 երկրներից ավելի քան 446 մասնակցության հայտ է ներկայացվել: Այն փաստը, որ «Էհա» ֆիլմը հաջողության է հասել նման խիստ մրցակցության պայմաններում, դառնալով 2010թ. «Panda Award»-ի թեկնածու, եւս մեկ անգամ ապացուցում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական կրթական ծրագրի բարձր որակը: Անշուշտ, սա նաեւ Գառնի/Գողթ «Արեւորդի» էկո-ակումբի անդամների աշխատանքի ճանաչումն է: Շնորհավորում ենք ակումբի անդամներին եւ նրանց դասվարներին:

«Wildscreen» փառատոնի եւ «Panda Award»-ի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.wildscreenfestival.org կայքը:


 
Share |